Մեր ընտանիքը թեյասերների ընտանիք է: Դեռևս մանուկ հասակից ես ու քույրիկս գնում պապիկիս հետ բույսեր էինք հավաքում սարերից, որոնցով էլ հետո նա համեղ ու հետաքրքիր խառնուրդներ էր ստեղծում, բույրն ամբողջ տնով մեկ էր լցվում, իսկ մենք հաճույքով վայելում էինք դրանք հաց ու պանրի պատառներով: Իրականում իմ ընտրած ոլորտը հաճելի զբաղմունք ու ջերմ հիշողություններ են, որոնք 2017-ին որոշեցի որպես բիզնես գրանցել ու փորձել կիսել թեյի նկատմամբ իմ սերն ուրիշ թեյասերների հետ:
Այսպիսով, Nalbandian Tea-ն ընտանեկան փոքրիկ ձեռնարկություն է, հիմնադրված Ալավերդի քաղաքում: Գործում ներգրավված են բուսական թեյը սիրող և համային խառնուրդներ ստեղծող ընտանիքի 4 անդամները: Զբաղվում ենք վայրի բույսերի հավաքմամբ, չորացմամբ և փաթեթավորմամբ: Առայժմ ունենք 5 տեսակի թեյ՝ ուրց, դաղձ, վիտամինային և բուսական խառնուրդներ: Մեր նպատակը թեյասերներին վայրի բույսերի բնական համը, մեր գործի նկատմամբ ունեցած մեծ սերն ու պատասխանատվությունը փոխանցելն ու թեյախմությունն արվեստի վերածելն է:
Մեր թեյերն ամբողջական տերևներից են, աղացած չեն, այսինքն գնորդը տեսնում և գնահատում է իր գնած ապրանքի լիարժեք բաղադրությունը և բնական համը:
Թեյը փաթեթավորում ենք կտորի տոպրակների մեջ, որոնք շնչում են և լավ են պահպանում բույսերի համն ու հոտը: Այնուհետև տոպրակները տեղադրում ենք հայ անվանի նկարիչների գործերով արված ստվարաթղթե տուփերում, որոնցում առկա է նաև նկարի ստեղծման հակիրճ պատմությունը: Այսպիսով, բացի համեղ և օգտակար բուսական թեյ վաճառելուց, մենք հաճախորդին մատուցում ենք նաև հայկական մշակույթի մի փոքր պատառիկ: