«Պապիս ծնվելու ժամանակ նրա հայրն արդեն հիվանդ է եղել։ Խաղողի վազ է տնկել ու կնոջն ասել․ «Տղաս՝ Ջիվանը, երբ մեծանա, թող իմ քաղցրությունն այս խաղողից առնի»։
Ոչ միայն Հարությունի ընտանիքի, այլև Հայաստանում խաղողագործության պատմությունն ավելի դիպուկ բնութագրել հնարավոր չէ․ խաղողագործությունը սեր է, վազը՝ ծնողական քաղցրություն, որ փոխանցվում է որդուն, հետո նրա որդուն ու այսպես շարունակ։
Այս պատմությունը սիրո պատմություն է։ Միայն խաղողն ու գինին որպես մշակույթ, որպես ինքնության մաս ընկալող միջավայրում է հնարավոր բույսի միջոցով ջերմության, քաղցրության, սիրո, պատմության փոխանցումը։ Պատահական չէ թուրքական ասացվածքը․ «Գինին հայերի հավատն է»։
1964թ․ Հարությունի Ջիվան պապը Վայոց ձորի Թառաթումբ գյուղից իր հետ բերել է հոր տնկած խաղողի վազի կտրոնն ու թարմա կապել նոր տան առաջ, ապահովելով խաղողի ու սեփական պատմության անընդհատությունը։
Միայն խաղողով չի բավարարվել․ տնամերձ այգում ծառեր է տնկել, գինի քաշել, հետո, երբ արդեն մեծացել է թթենին, նաև թթի օղի, որը մարդկանց պատմելով հիշելով շատ լավն էր։
Խորհրդային տարիներին գինին Հարությունի ընտանիքի համար պրոֆեսիոնալ զբաղմունք չէր։ Այն, ինչպես օղին, տան խմելու համար էր, իսկ կոլտնտեսության խաղողը մթերվում էր։
Շատ բան փոխվեց 1990-ականների սկզբին, երբ Հայաստանն անկախանում էր ու իշխանությունները որոշեցին, որ արագ պետք է իրականացվի հողի սեփականաշնորհումը։
Հարությունենց ընտանիքը նույնպես հող ստացավ։ Գյուղում 1 բաժին հողակտորը շատ չէր՝ 4000քմ։ Ստացավ ու ինչպես տասնյակ հազարավոր ընտանիքներ, մնացած շվարած․ ինչ ա՞նել, ինչպե՞ս կամ ու՞մ վաճառել միրգը, խաղողը։
Այս տարիներին Արարատյան դաշտում ու Հայաստանի այլ հատվածներում հազարավոր հեկտար խաղողի այգիներ քանդվեցին, հարյուր հազարավոր ծառեր կտրվեցին։ Մարդիկ մշակում էին այն, ինչը վաճառվում էր կամ փոխանակվում՝ ցորեն, բանջարանոցային ու բոստանային կուլտուրաներ, ջերմոցներ էին հիմնում։
Հարությունենց ընտանիքը նույնպես անցավ այս ամենի միջով։
Սակայն սերը դեպի խաղողն ու գինի ստիպեց վերադառնալ։
2000-ականնների հայրը Խոր Վիրապի մոտ գտնվող 1 հա-ի վրա արդեն խաղողի այգի գցեց, իսկ 2011թ․ հայր ու որդի գիտեին, որ այդ տարվա բերքը չեն մթերելու, այլ դարձնելու են խաղող ու գինի։
Հետո ավելացան նռան գինին, դեղձի, ծիրանի օղիները։ Այսպես աստիճանաբար սերը դարձավ բիզնես ու Հարությունն այսօր առաջարկում է 4 տեսակ գինի: Արդեն ինքն է խաղող ու այլ մրգեր մթերում ու վաղ գարնանից ոտքի վրա է․ պետք է այցելել այն այգիներ, որտեղից մթերելու է, ստուգել, պայմանավորվել, քննարկել, հետո ընթացքում դարձյալ այցելություններ կլինեն։ Սա է լավ գինի ունենալու կարևոր պայմանը։