“Տերտերյանների Այգիներ” ՍՊԸ-ն մասնավոր ընկերություն է, որի գործունեությունը սկսվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղի հարակից տարածքում, ծովի մակարդակից 1250-1550 մետր բարձրության վրա նոր խաղողի այգիների հիմնումով։ 2018, 2019, 2020, 2021 թվականներին հիմնված խաղողի այգիները զբաղեցնում են ավելի քան 45 հեկտար տարածք և տարեց-տարի գնալով ընդլայնվում են: Այգիներում տնկված են հիմնականում Արենի և Ոսկեհատ խաղողի էնդեմիկ սորտեր՝ որոնք բնորոշ են տվյալ տարածաշրջանին:
Ամայի և դժվարամատչելի հողատարածության վրա “խելացի գյուղատնտեսության” հիմունքներով, գրագետ նախագծմամբ, բացարձակապես զրոյից հիմնված այգիներն ամբողջությամբ հագեցած են կաթիլային ոռոգման համակարգով, որը թույլ է տալիս լիովին վերահսկել խաղողի որակը՝ որն էլ հանդիսանում է որակյալ գինու հիմնական գրավականը: Խաղողի այգիների 95%-ը գտնվում են հարավային թեքության վրա, ինչն այդ տարածաշրջանի համար աննախադեպ է ու եզակի: Նման հարավային ուղղվածությամբ թեքությունը բարենպաստ ազդեցություն է թողնում խաղողի բարձր շաքարայնության և որակի վրա։ Խաղողի այգիները խնամվում, պահպանվում են կենսաբանական և էկոլոգիական անվտանգության պահանջներին համապատասխան։ Այգիների պահպանման ընթացքում չեն օգտագործվում թունաքիմիկատներ կամ նիտրատներ, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։
Երկար տարիների աշխատանքի արդյունքում մենք ստացել ենք մեր առաջին բերքը և այսօր հպարտ ենք ներկայացնելու ապրանքային շարքը` «MEYRON» ® ապրանքային նշանով.
«MEYRON»-ը դա ճանապարհորդություն է դեպի քաղաքակրթության և մշակույթի ակունքներ` որտեղ բացահայտվում են հայկական գինեգործության հնագույն ավանդույթները: