Ամենամտերմիկ հավաքույթները
տեղի են ունենում հենց խաշի սեղանի շուրջ։
Խաշը հնագույն հայկական
ուտեստ է։ «Խաշ» անվանումը առաջացել է «խաշել» բառից։ Հին ժամանակներում հարուստները մատաղից հետո վերցնում էին իրենց հետ
միսը, իսկ աղքատները՝ ոսկորները։ Այդ իսկ պատճառով այն համարվում էր աղքատների կերակուր։
Սակայն այսօր չկան դասակարգումներ խաշի համար,
խաշ սիրում են բոլորը և այն անպակաս է բոլորիս սեղաններից։
Խաշի սեզոնը բացվում
է, երբ սկսվում են ցուրտ օրերը։ Այն ուտում
են վաղ առավոտյան։ Պատրաստման արարողությունը սկսում են դեռ նախորդ օրը գիշերը։ Այն տևում է մի
քանի ժամ։ Խաշը պատրաստում են տավարի ոսկորներից և փորոտիքից, իսկ խաշի սեղանի անբաժանելի
մասն են կազմում բարակ կտրատված սպիտակ բողկը, օղին, թթուն, բազմատեսակ կանաչիներն
ու վերջապես չոր լավաշը։
Ամենաանուշ կենացներն
ու բարեմաղթանքները ասվում են հենց խաշի սեղանի շուրջ, իսկ առաջին կենացներից է հենց
եփողների կենացը, ապա, ուտողների և այդպես շարունակ։
Խաշը շատ հագեցնող
կերակուր է։ Դա պայմանավորված է նրանով, որ խաշի մեջ ավելացվում է մեծ քանակությամբ
լավաշ ու սխտոր, որը հարուստ է վիտամիններով ու օգտակար հատկություններով։ Խաշը ուտում
են առավոտյան, քանի որ այն կալորիական է և օրգանիզմին ժամանակ է պետք այն յուրացնելու
համար։ Նրանք ովքեր առաջին անգամ են ուտում խաշ, խորհուրդ է տրվում օգտագործել քիչ չափաբաժնով, որպեսզի օրգանիզմը միանգամից շատ
չծանրաբեռնվի։
Խաշի պատրաստման գործընթացն ընթանում է մի քանի փուլով՝
• Նախ պետք է խաշի տոտիկները ջրում թողնել մի քանի օր, որպեսզի միսը փափկի
• Պետք է ուշադրությամբ մաքրել բոլոր մազերը
• Ապա դնել տոտիկները մեծ կաթսայի մեջ ու վրան սառը ջուր լցնել
• Եփել մարմանդ կրակի վրա։
Մի առանձին արարողություն
է խաշն ուտելու ընթացքը։
Խաշից առաջ չի արգելվում ուտել որևէ բան, սակայն, ցանկալի է
սոված փորին ուտել ուտեստը՝ ծանրության զգացողությունից զերծ մնալու համար։ Նախ առանձնացնում
են մսի կտորներն ու փաթաթում լավաշի մեջ, ապա,
խաշի մեջ ավելացվում է աղ ու սխտոր՝ ըստ ճաշակի, իսկ վերջում ավելացվում է չորացված
լավաշն այնքան, որ ներծծի իր մեջ ամբողջ արգանակը ու ուտում ձեռքերով։
Հարկ է նշել, որ յուրաջանչյուրի կողքին պետք է դնել
խոնավ սրբիչ, որպեսզի մաքրեն յուղոտ ձեռքերը։ Որպես այդպիսին խաշը չունի առանձնահատուկ
օգտակարություն և հակացուցումներ, սակայն, հարկ է նշել, որ դրա հաճախակի օգտագործումն
կարող է բացասական ազդել հատկապես բարձր ճնշում և արյան հետ կապված խնդիրներ ունեցող
մարդկանց վրա, քանի որ խաշը դոնդողանման ուտեստ է, իսկ դոնդողն ունի արյունը
խտացնելու հատկություն։ Բայց դա ընդհանրապես խաշից հրաժարվելու առիթ չի հանդիսանում։
Պարզապես ինչպես ցանկացած յուղոտ ուտեստ խաշը նույնպես պետք է օգտագործել չափավոր։
Խաշը համարվում
է դժվարամարս, քանի որ պարունակում է ոսկրային նյութ՝ կոլագեն, որը չի մարսվում մարդու
կողմից համապատասխան ֆերմենտների բացակայության պատճառով։
Որոշե՞լ եք ընկերներով կամ հարազատներով հավաքվել խաշի շուրջ, իսկ խաշ չունե՞ք։ Հոգ չէ, մեզ մոտ միշտ առկա են թե՛ սառեցված և եփած 1 կգ տավարի խաշ, թե՛ 4 հոգու համար նախատեսված խաշի հավաքածու։
Հետաքրքիր փաստեր
- Չնայած նրան, որ շատ կերակուրներ ժամանակի ըմթացքում փոփոխության են ենթարկվում, խաշը դարեր շարունակ պահպանում է իր ավանդական պատրաստման եղանակը։
- Պարզապես անհնար է ուտել խաշը միայնության մեջ, այն լավ առիթ է մտերմիկ հավաքույթների համար։
- Անիմաստ է պլանավորել օրվա երկրորդ մասը, քանի որ հավաքույթի բոլոր մասնակիցները ամբողջ օրը անցկացնում են միասին։
- Պատահական չէ, որ բողկը, սխտորը, կանաչիները, թթուն մատուցվում են խաշի սեղանին, քանի որ դրանք նպաստում են մարսողությանը։
- Պատրաստողի տրամադրությունը փոխանցվում է խաշին
Իսկ վերջում բարիախորժակ բոլորին և ինչպես ասում են ՝ «Ապրե՛ն եփողներն էլ, ուտողներն էլ»։