Պողոս Հովհաննիսյան
Պողոս Հովհաննիսյան
Արագածոտնի մարզ, գ.Բյուրական
5
Պողոս Հովհաննիսյանը Բյուրականում հիմնել է չրանոց, եւ արդեն 4 տարի է և չրեր է պատրաստում: Գյուղի ծայրամասում գտնվող արտադրամասն անվանել են «Չրի տուն»: Արտադրամասի մուտքի մոտ՝ փայտե դարպասից ներս, մրգատու ծառեր են, հիմնականում խնձորենիներ ու սալորենիներ: Այգու միջով քայլելիս հասնում ես փայտից սարքած տաղավարը, Պողոսը ասում է՝ իրենց նպատակը ոչ միայն չրերի արտադրությունն է, այլև այնպիսի պայմաններ ստեղծելը, որպեսզի չրերի արտադրությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնան այլընտրանքային տուրիզմի ճյուղ: Գյուղ այցելած զբոսաշրջիկը կարող է այցելել «Չրի տուն», մասնակցել կատարվող աշխատանքներին՝ ելակի բերքահավաքին, մրգերի կորիզահանմանը, կտրատմանը, մրգային սուջուխների պատրաստմանը: Չրանոցը բիզնեսի մոդել է, որտեղ ամեն մեկն իր գործն ունի, մրգերը մթերում են հիմնականում հարևաններից, փոքր ֆերմերային տնտեսություններից: Տարածքը նախկինում աղբանոց է եղել, աղբը մաքրելով՝ այգին է հիմնվել: Չորս ամիսների ընթացքում պատրաստում են սալորի, դեղձի, ծիրանի, բալի ու կեռասի չրեր: Սպառումը Հայաստանում է հիմնականում իրականացվում, արտահանվում է նաև ՌԴ։ Չրի Տուն այցելած զբոսաշրջիկները նույնպես գնում են չրեր եւ իրենց հետ տանում են արտասահման: Արևի ճառագայթներից բացի, մրգերի չորացումը կատարվում է օբսիդիան քարերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս տաքությունը հնարավորինս երկար պահպանել: «Կարևոր է, որ ոչ միայն մենք ենք կարողանում եկամուտ ստանալ, այլև օգնում ենք համագյուղացիներին», - ասում է Պողոս Հովհաննիսյանը: Տարվա 12 ամիս ելակ են ունենում, որից չիր են պատրաստում: Հողը պարարտացնելու համար օրգանական պարարտանյութեր են օգտագործում, շուտով կստանան նաև օրգանական արտադրանքի մասին վկայող սերտիֆիկատը:Այս պահին կառուցվում է նաև կախասնկի արտարդություն և թոնրատուն, որտեղ այցելուները կկարողանան սունկ հավաքել և վայելել գյուղական արտադրության լավաշը, գաթան, մասնակցել ղափամայի պատրաստման վարպետության դասերին։ Համագործակցելով Հիմք ՀԿ-ի հետ աջակցում են Բյուրականի կանանց՝ բնական հումքով օճառներ պատրաստելու և շուկայահանման հարցում։