Լավաշը հայկական խոհանոցի անբաժան մի մասն է: Հայկական
լեռնաշխարհում լավաշ են թխել դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Բացի պարզապես հաց լինելուց,
լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն
ունեցող մշակութային տարր:
Ըստ ավանդության հաց թխելու
արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին:
Հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով: Եղել
են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգել
են լավաշի համը: Ավանդական կենցաղում հաց թխելը խմբային գործընթաց էր,և այն համարվում
էր բացառապես կանանց զբաղմունք և խուսափում էին, որ հաց թխելու ընթացքում թոնրատուն
տղամարդ մտնի, քանի որ դա համարում էին վատ նշան: Թոնրից հանած առաջին հացն ուղարկում
էին ընտանիքի հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և ուժ ստանար: Գոյություն ունեն
բազմաթիվ լեգենդներ ու առասպելներ լավաշի զորության մասին: Դրանցից մեկն է Արամ արքայի
պատմությունը, ըստ որի, երբ Արամը գերի է ընկնում, երբ պատերազմում էր Ասորեստանի թագավոր
Նաբուգոդոնոսորի հետ: Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի,
իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել
Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն: Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո,
Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան
չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը,
գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:
Սակայն սուրհանդակները
գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին,
նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես
10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին: 11-րդ օրն
Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր,
որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել
նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք
վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն
լավաշի:
2014 թվականի
Նոյեմբերի 26-ին -ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության
պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը
և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: հենց նույն օրը որոշում է կայացվել
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
ներառել լավաշը: