Բուրդ

01.02.2023
Բուրդ

Ի՞նչ անել, երբ ցուրտ է։

Իհարկե, կրել բրդյա իրեր։ Շատերը կհամաձայնեն , որ ոչինչ չի կարող փոխարինել բրդին ու դրա ջերմապաշտպան հատկությանը։ Բուրդը կլանում է մարմնի ջերմաստիճանը և պահում մանրաթելերի մեջ։ Բուրդը բնական ծագում ունի, այն ստանում են կենդանիների մազից։



Մինչև օրս կարելի է տեսնել շատ կանանց, ովքեր բուրդ են չփխում ու չորացնում դրսում։ Դա ամռան անբաժանելի մասն է շատերիս բակերում։

Վստահ եմ, բոլորս էլ ունենք սիրած հագուստ և դրա հետ կապված պատմություն։

Փոքր հասակում տատիկս շատ էր գործում բրդյա հագուստ մեզ համար։ Ամեն անգամ ինչ-որ բան գործելիս, երբ տատիկս հասնում էր գործվածքի կեսին , հերթով կանչում էր մեզ փորձելու, որ տեսներ, թե որքան է մեզ սազում ։ Բայց այդ բոլոր գործվածքների մեջ կար մի յուրահատուկը։

Դեռ հիշում եմ, թե ինչ ուրախությամբ էի հագնում այդ շրջազգեստն ու հայելու դիմացից չէի հեռանում։ Երևակայում էի ինձ ձմռան թագուհի, ում միայն թագն էր պակասում։ Մանկությանս ամենաջերմ հիշողություններն են ՝ մեր տան հին վառարանը, որից դուրս եկող ծուխը դեռ օդում հալեցնում էր ձյան փաթիլներն ու տատիս գործած բրդյա գուլպաները, որոնք երբեք մենակ չէին թողնում փոքրիկ տոտիկներս։

Հիշում եմ նաև տեսարանը, որտեղ տատիկս թելերով ու ձեռքի մեջ առած երկու կախարդական փայտիկներով ստեղծում էր հերթական հրաշքը։

Մի փոքր պատմեմ բրդի տեսակներից, դրանք են.

· Ուղտի բուրդը բավականին դիմացկուն է, թեթև և միևնույն ժամանակ շատ տաք։ Արտադրության մեջ հաճախ օգտագործվում է ոչխարի բրդի հետ միասին տարբեր համակցություններով։ Մանրաթելի կառուցվածքի շնորհիվ այն ապահովում է հիանալի ջերմամեկուսացում և լավ «շնչառություն»։

· Այծի բուրդն ավելի միատարր և հարթ է, քան ոչխարինը։ Այծի բրդի ամենահայտնի տեսակներն են ՝ անգորան, քաշմիրը և օրենբուրգը։

· Բրդի էկզոտիկ տեսակները ստանում են ուղտերի ընտանիքի կենդանիներից, ինչպիսիք են ՝ լամայի, ալպակայի, վիկունյաի բուրդը։ Բրդի այս տեսակներից պատրաստվող արտադրանքները թեթև են, մետաքսանման, դիմացկուն և միևնույն ժամանակ բարձրարժեք։

Ոչխարի բուրդը կազմում է թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող բրդի հիմնական մասը։ Իր մանրաթելերի պարուրաձև կառուցվածքի շնորհիվ, ոչխարի բրդից արտադրանքը դիմացկուն է, ծավալուն, ջերմամեկուսիչ և ուշ մաշվող։ Ոչխարի բուրդը հաճախ օգտագործվում է սպորտային հագուստի և աքսեսուարների մեջ։

Բրդյա իրերի խնամելու ճիշտ ձևը

· Պատրաստի գործվածքի առաձգականությունը ու ծակոտկենիությունը կախված է բրդի ճկունությունից նաև ծալվածքների հանդեպ կայունությունից, այստեղէ հենց պարզ դառնում ոչխարի բրդի մեծ պահանջարկը, քանի որ այն ունի մեծ առաձկանակություն և գրեթե չի քորքոտվում։

· Անհրաժեշտ է նաև նշել, որ տաք ջրի ազդեցությունից բուրդը ունենում է ծավալային փոփոխություն և մեծանում է 25 – 50 %, բարձր խոնավության պայմաններում բուրդը կլանում է 40 % խոնավություն՝ շոշափելիս մնալով չոր։

· Բրդի որակի յուրահատկությունը պահպանելու համար անհրաժեշտ է լվանալ այն չեզոք օճառով և զերծ մնալ սոդայի ազդեցությունից, քանի որ քայքայում է մանրաթելերը։

Կորիզ հարթակից կարող եք գտնել հայկական արտադրության թելեր ոչխարի բրդից։