Սերկևիլի օգտակարության մասին

16.01.2023
Սերկևիլի օգտակարության մասին

Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։

Մեր տանը միշտ տարածված է եղել սերկևիլի անուշ բույրը։ Պապս դնում էր սերկևիլով լի ափսեն հյուրասենյակի կենտրոնում, որտեղից էլ բույրը տարածվում էր տնով մեկ։

Շատերս սերկևիլն օգտագործում ենք տարբեր եղանակներով։

Հիվանդ ժամանակ պապս վառարանն էր դնում ոսկեգույն սերկևիլներն ու խորովում դրանք։ Հետո թոռներին հավաքում շուրջն ու ստիպում, որ ուտենք։ Սկզբում փնթփնթում էինք, բայց համը բերաններս առնելուն պես մեծ ախորժակով ամբողջությամբ ուտում։ Իսկ տատս ու մայրս համեմում էին ձուկը բազմաթիվ համեմունքներով ու սերկևիլով։ Վերջում ամենաանուշ համն ու հոտը ձկանն էր փոխանցվում սերկևիլից։

Մեկ այլ օգտագործման եղանակ է մեղրով սերկևիլի կոմպոտը, որը հիանալի միջոց է հազի համար։

Սերկևիլն ունի ցածր կալորիականություն , այն պարունակում է վիտամիններ A, B,C, ածխաջրեր, սպիտակուցներ, բջջանյութ, պղինձ և այլ նյութեր։

Հետաքրքիր փաստեր սերկևիլի մասին

· Սերկևիլի պտուղի քաշը կարող է հասնել 2 կիլոգրամի

· Սերկևիլին կոչում են ոսկե խնձոր

· Սերկևիլը կարող է ճնշել ալերգիկ ռեակցիաների համար պատասխանատու որոշ իմունային բջիջների ակտիվությունը

· Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սերկևիլի հակաօքսիդանտները պաշտպանում են քրոնիկ հիվանդություններից, ինչպիսիք են սրտի հիվանդությունները

· Սերկևիլը կարող է թեթևացնել հղիության շրջանում սրտխառնոցի ախտանիշները

· Սերկևիլի բուսական միացություններն օգնում են կանխել և բուժել ստամոքսի խոցը

· Սերկևիլի մեղրն օգտագործվում է աչքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար

· Սերկևիլը օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում, հարթեցնում է պիգմենտային բծերը և պեպենները

· Հնագույն ժամանակներից միջերկրածովյան երկրներում սերկևիլը համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ` ի պատիվ Վեներա աստվածուհու

· Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար

· Սերկևիլի շատ առավելություններ պայմանավորված են հակաօքսիդանտների հարուստ պարունակությամբ։

· Հին Հունաստանում նորապսակները պետք է սերկրիլ ուտեին, որպեսզի ապրեին առողջ ու համերաշխ մթնոլորտում։

Վերջում ուզում եմ կիսվել մի համեղ բաղադրատոմսով։ Այս սերկևիլով կարկանդակը պատրաստվում է շատ հեշտ, և իդեալական է ընտանեկան հավաքույթների համար։

Սերկևիլ`1 հատ

Ձու`3 հատ

Ձեթ`150 գրամ

Շաքարավազ`150 գրամ

Ալյուր`150 գրամ

Սոդա`1 թ/գ

Քացախ/լիմոնի հյութ`1 ճ/գ

Շաքարի փոշի` 1-2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Ø Սերկևիլը լվանալ, լուսնաձև կտրատել

Ø Հարել ձուն, ավելացնել շաքարավազ, ալյուր, ձեթ, սոդա, քացախ/լիմոնի հյութ

Ø Խմորը լցնել թավայի մեջ և վրան շարել լուսնաձև կտրատված սերկևիլը

Ø Եփել 170 աստիճան տաքացված ջեռոցում

Ø Ավելացնել շաքարի փոշի

Բոլորին մաղթում ենք բարի ախորժակ և հաճելի ժամանց։